Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեց փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն հայտնեց իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։

Դիվանագետների հետ զրույցում Սերգո Միրզոյանը հիացմունքով էր հիշում նախորդ տարի՝ մայիսի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների այցը և շնորհավորանքը։

Դիվանագետներն իրենց հերթին խոստացան պարբերաբար այցելել Սերգո Միրզոյանին։