Անցած տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը մեծ հույս է ներշնչում ջավախքահայության համար այն առումով, որ տասնյակ տարիներով կուտակված խնդիրները հնարավորություն կա վերջապես լուծել հայ-վրացական համատեղ ջանքերով: Խոսքը նրա մասին է, որ կարծես թե վերջապես Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իշխանություն, որը գերտերությունների դրածոն չէ եւ այստեղից ելնելով վարում է ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն: Չնայած նրան, որ Հայաստանում որոշ ընդդիմադիր շրջանակներ ամեն կերպ փորձում են հակառակի մեջ վստահեցնել ժողովրդին խոսելով Ղարաբաղի թիկունքում ինչ-որ զիջումների մասին, որոնք Հայաստանի իշխանություններին իբր պարտադրում են անհայտ սեւ ուժերը, սակայն իրականում նման տեսակի դավադրություն չկա եւ չի էլ կարող լինել եւ այդ տեսակի բամբասանքները ընդամենը հասարակական կարծիքի վրա վտանգավոր մանիպուլիացիայի փորձեր են: Իսկ իրականում Հայաստանի նոր իշխանությունը փորձում է վարել առավել անկախ քաղաքականություն, քան կարող էին իրենց թույլ տալ նախկին իշխանությունները: Խոսքը այն բանի մասին է, որ գոնե տեսանելի հատվածում Հայաստանը ՀԱՊԿ երկրների առջեւ վարում է ինքնուրույն ու անկախ քաղաքականություն, որը հիմնված է ազգային արժանապատվության շահի գիտակցման վրա:
Այս ամենը հրաշալի հասկանում եւ տեսնում են Վրաստանի իշխանությունները ու մեծ ուշադրությամբ հետեւում Հայաստանի ղեկավարության քայլերին արտաքին ասպարեզում: Դա դրական է հայ-վրացական հարաբերությունների համար այն առումով, որ Վրաստանը կամաց-կամաց համոզվում է, որ իր նկատմամբ Սամցխե-Ջավախքի հարցում չկա երրորդ երկրի կողմից պարտադրված դավադրություն, իսկ դա իր հերթին նշանակում է, որ հայ-վրացական հարաբերությունները հնարավորություն ունեն զարգանալու լրիվ նոր մակարդակով ու տեսանելի ապագայում մենք կարող ենք ականատես լինել լուրջ որակական փոփոխությունների հայ-վրացական հարաբերություններում: Այս պարագայում կարիք կա, որպեսզի հայկական եւ վրացական իշխանությունները ներքին կարգով քննարկեն թե իրականում ինչպիսի վտանգ է ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմը երկու երկրների համար եւ այդ ուղղությամբ իրականացնեն տեսանելի աշխատանք:
Բոլորին քաջ հայտնի է, որ Սամցխե-Ջավախքի բնակչության մեծ մասը կազմված է հայ ազգաբնակչությունից, որից հետո շրջանում մեծամասնություն են կազմում վրացիները: Թուրքիան ու Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի իրականություն դարձնեն թուրք-մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախք եւ այս առումով նույնիսկ կարողացել են ազդել միջազգային հանրության վրա, որի առջեւ Վրաստանը պարտավորվել է ապահովել բոլոր պայմանները մեսխեթցիների վերադարձի համար: Տվյալ խնդրի դեմ Վրաստանը մնացել է մենակ ընդդեմ միջազգային պարտավորության եւ թուրքական աշխարհի: Եվ ճիշտ կլինի, որպեսզի հայկական կողմը խորապես ծանոթանալով այս հարցին իր աջակցության ձեռքը մեկնի եղբայրական Վրաստանին:
Պարզից պարզ է, որ եթե Ջավախքը հայաթափվի, Վրաստանը ի վիճակի չէ միայնակ լուծել շրջանի դեմոգրաֆիկ հարցը ի օգուտ իրեն: Ու այս առումով հայ ժողովուրդը հնարավորություն ունի օգտակար լինել Վրաստանին եթե իհարկե դրա համար ստեղծվեն բոլոր պայմանները:
Դրա համար նախ երկու հարեւան պետությունները միասնական ջանքերով պետք է ամրապնդեն փոքրիկ այս շրջանի տնտեսությունը եւ հնարավորություն ստեղծեն նոր աշխատատեղերի համար:
Պետք է նորովի քննարկվի եւ վերջապես Սամցխե-Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնում բացվի հայ-վրացական համատեղ համալսարանը, որը հնարավորություն կտա տեղի երիտասարդությանը պահել շրջանի ներսում ստեղծելով համապատասխան պայմաններ ապագայում նրանց ինտեգրելու եւ գործով ապահովելու համար: Միայն այս դեպքում Ջավախքի երիտասարդությունը հրաշալի հնարավորություն կունենա հայ-վրացական քաղաք Ախալցխայում ավելի լավ կատարելագործել պետական լեզվի իմացությունը եւ արմատներով կապվել իր շրջանին: Դրանով Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնը ոչ թե կշարունակի հայաթափվել իր տեղը զիջելով թուրքերին այլ կամրապնդվի երիտասարդության ներհոսքով Ջավախքի վերին շրջաններից:
Երկրորդը դա հայկական հյուպատոսության բացման կարեւորությունն է Սամցխե-Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնում, որը հնարավորություն կունենա ակտիվ կերպով ներգրավելու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ջավախքցիների խնդիրներով, ինչպես նաեւ կնպաստի շրջանում հայկական միջավայրի պահպանմանը:
Եւ երրորդ կարեւորագույն հարցերից մեկն է այն, որ Սամցխե-Ջավախքում վերջապես ձեւավորվի Հայ Առաքելական եկեղեցու առանձին թեմ: Թեմի ձեւավորումը չափազանց մեծ նշանակություն ու ազդեցություն կունենա Ջավախքի հոգեւոր զարգացման վրա, ինչպես նաեւ մարդկանց ավելի մոտ կպահի սեփական մշակույթին ու ավանդույթներին:
Չհաշված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ կարեւորությունը, որի զարգացման շուրջ առաջնային ուշադրությամբ պետք է զբաղվեն երկու երկրները, ահա այն երեք կարեւոր եւ հիմնական ծրագրերը, որոնց իրականացման շուրջ վրացական կողմի հետ պարտավոր է բանակցել Հայաստանի նոր իշխանությունը: Հայաստանում ամեն րոպե պետք է հիշեն այն փաստը, որ Սամցխե-Ջավախքը հայերով բնակեցված այն դամբան է, որը պահում է Թուրքիան ու Ադրբեջանը իրար միանալուց: Եվ քանի այդ դամբան կա ուրեմն Հայաստանը հնարավորություն ունի Վրաստանի տարածքով հարաբերվելու արտաքին աշխարհի հետ, իսկ եթե այդ դամբը սկսի ճաքեր տալ ու մի օր փլվի իր հետ փոխելու է ամբողջ տարածաշրջանի դեմոգրաֆիկ ու քաղաքական քարտեզը:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն