Այսօր երեկոյան Ախալքալքի շրջանի Բուղաշեն գյուղի երիտասարդները «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների հետ միասին հավաքվել են Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ ընդդեմ ադրբեջանական սադրանքի: Երիտասարդների խոսքերով այսօր նրանք նաեւ Ախալքալաքի քաղաքապետարան էին այցելել հայտնելու համար իրենց վճռական դիրքորոշումը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ:
«Ադրբեջանական լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների հակահայկական աղմուկին այսօր միացավ նաեւ Վրաստանի ադրբեջանական համայնքը պահանջելով ապամոնտաժել մեր հերոս համագյուղացու կիսանդրին: Չտրվելով նրանց սադրանքներին մենք մեր հավաքով ուզում ենք ասել, որ ցանկացած գնով թույլ չենք տա կիսանդրու ապամոնտաժումը: Նաեւ ուզում ենք մեր երախտիքի խոսքը հայտնել Վրաստանի իշխանություններին, որոնք մինչեւ այս պահը չեն տրվել ադրբեջանական սադրանքին եւ պահպանում են շատ հավասարակշռված դիրքորոշում, որպեսզի լարվածություն չառաջանա մեր շրջանում: Դրան է ձգտում ադրբեջանական պետությունը եւ համայնքը ու մեկ անգամ եւս կրկնում եմ, որ մենք պաշտպանելու ենք կիսանդրին եւ չենք տրվելու ադրբեջանական սադրանքին»,-ասում է Բուղաշեն գյուղի երիտասարդներից մեկը ու ավելացնում, որ հարկ եղած պարագայում պատրաստ են նաեւ հանրահավաք անցկացնել: