Փետրվարի 8-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց ադրբեջանական համայնքի կազմակերպված ցույցը կրում էր հակահայկական ու հակապետական բնույթ եւ նպատակ էր հետապնդում սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների միջեւ: Բուղաշենում Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրմանը հետեւած ադրբեջանական ագրեսիվ աղմուկը հստակ ծրագրված նպատակ ուներ լարվածություն առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել Վրաստանի դաշտ: Վրաստանի ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցները նույնպես ամեն կերպ առիթը օգտագործում են իրենց ներքաղաքական հարցերը լուծելու նպատակով: Նրանց ծրագիրը լարված հասարակական կարծիք ստեղծելն է Վրաստանում ընդդեմ իշխանությունների եւ Միքայել Ավագյանի կիսանդրու շուրջ ադրբեջանական աղմուկը լավ առիթ էր Վրաստանի իշխանություններին քննադատելու համար:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը իր վճռական աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին իրենց հավասարակշռված մոտեցման համար եւ հույս հայտնում, որ ապագայում եւս տվյալ մոտեցումը կպահպանվի: Ադրբեջանական համայնքի կոչը ապամոնտաժելու Արցախյան ազատամարտիկի կիսանդրին կրում է խիստ սադրիչ ու ապակայունացնող բնույթ եւ ոչ մի կերպ չի բխում Վրաստանի ազգային շահերից:
Սամցխե-Ջավախքի հայերը հստակ գիտակցում են, որ տեղի ունեցածը դրսից պարտադրված սադրանք է, որին պետք է պատասխանել հավասարակշռված ու գրագետ մոտեցմամբ ի շահ մեր պետության ու ժողովուրդների:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն
Ախալցխա 09.01.2019թ.