Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ

Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ



Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում՝ Դյաոյութայ պետական նստավայրում, ընդունել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին և բարձր է գնահատել դիվանագետի ներդրումը չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։
Սին հիշեցրել է, որ Քիսինջերը վերջերս դարձել է 100 տարեկան և ավելի քան 100 անգամ այցելել է Չինաստան: Նրա խոսքով՝ 52 տարի առաջ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին կրիտիկական կետում։ «Նախագահ Մաո Ցեդունը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Չժոու Էնլայը, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը և Դուք, ունենալով հիանալի ռազմավարական տեսլական, ճիշտ ընտրություն կատարեցիք՝ սկսելով չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը փոխեց երկու երկրներն ու աշխարհը։ Չինաստանն ու ԱՄՆ-ը կրկին հայտնվել են խաչմերուկում, և երկու կողմերն էլ պետք է հերթական ընտրությունը կատարեն»,- ասել է Սի Ծինփինը:
Նա նշել է, որ Պեկինը մտադիր է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կառուցել երեք սկզբունքների հիման վրա՝ փոխադարձ հարգանք, խաղաղ գոյակցություն և փոխշահավետ համագործակցություն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել էին, որ Քիսինջերը ՉԺՀ է մեկնել սեփական նախաձեռնությամբ, ոչ թե ամերիկյան իշխանությունների անունից: ԱՄՆ նախկին պետքարտուղարը հուլիսի 18-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի պաշտպանության նախարարի հետ, հուլիսի 19-ին՝ Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ: Նա հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև կայուն հարաբերությունների պահպանումն ազդում է ամբողջ աշխարհում մարդկանց կայունության և բարեկեցության վրա: