ԵԱՀԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Անն-Քրիստի Կարլսենը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում խոր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման ու ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
«Մենք ամենավճռական կերպով կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Նորվեգիան աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պայմաններ կստեղծեին տարածաշրջանի ավելի լավ ինտեգրման և բարգավաճման համար։
Դիվանագետն աջակցություն է հայտնել ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին, միևնույն ժամանակ, կոչ արել կողմերին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ կայունության հասնելու նպատակով։
«Վերջապես, ես կցանկանայի ընդգծել, որ մենք հասել ենք այս կազմակերպության պատմության կրիտիկական կետին: Այս խաչմերուկում կանգնած՝ մենք պետք է ճիշտ որոշումներ կայացնենք, որպեսզի կառուցողական և նախաձեռնող ներդրում ունենանք ընդհանուր խնդիրների լուծումներ գտնելու գործում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի վերջին ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակել է ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը։