Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հրապարակել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովին հուլիսի 5-ին իր հղած նամակը և հրամանատարի տեղակալ, գնդապետ Սազոնովի պատասխանը։
Նամակում Օսիպյանը անդրադարձել էր «Ազգային-ազատագրական շարժման»՝ դեպի Հակարիի կամուրջ նախապատրաստվող խաղաղ ավտոերթին, խնդրել պարզաբանումներ ադրբեջանական մամուլում տեղ գտած այն տեղեկությունների վերաբերյալ, թե իբր ռուս խաղաղապահները մտադիր են օգտագործել խաղաղ ակցիան՝ բացելու Ադրբեջանի կողմից տեղակայված ապօրինի անցակետը։ Օսիպյանը առաջարկել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը ուղեկցեն ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ՝ ապահովելու համար ակցիայի մասնակից խաղաղ քաղաքացիների անվտանգությունը:
Խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը «սադրիչ» է որակել լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները, նշել՝ դրանք չեն արտացոլում տարածաշրջանում իրերի իրական վիճակը։
Ավտոերթը ուղեկցելու մասին պատասխան նամակում նշվում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չեն նախատեսում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի շարասյուների կազմում տրանսպորտի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում»:
Նամակում նշվում է, որ փոխարենը՝ զորակազմը իրականացնում է մեքենաների զննում՝ արգելված հրազենի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի առկայությունը ստուգելու համար։
Հրապարակելով նամակները՝ Օսիպյանը գրել է․ «Պետք է ընդգծել, որ խաղաղ ավտոերթն ուղեկցելուց և անվտանգության ապահովումից խաղաղապահների հրաժարումը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ իրականացնում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցն է՛լ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում»։