Ակտիվիստը մանրամասներ է ներկայացրել ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Ակտիվիստը մանրամասներ է ներկայացրել ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցած միջադեպի մասին



Լեռնային Ղարաբաղի մի խումբ ակտիվիստներ երեկվանից փակել են Ռուսաստանի խաղաղապահների՝ Իվանյանում գտնվող տեղակայման վայրի մուտքը։
Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը համացանցում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է ակցիայի մանրամասները, նշել՝ իրենց պահանջն է, որ խաղաղապահները կատարեն պարտավորությունները:
«Լուրերի» հետ հեռախոսազրույցի ժամանակ Արթուր Օսիպյանը ներկայացրել է ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Ճնշում էին գործադրում, որ հեսա այ БТР-ով (զրահափոխադրիչ – խմբ.) անցնում ենք ձեր ավտոյի վրայով: Նստել եմ ավտոն, ասել եմ՝ անցե՛ք: Հիմա էլ БТР-ը քշում են, որ ավտոյի հետևին խփեն: Մի «Ուրալ»-ով էլ քշում էին, որ ավտոյի էն բանին խփեն: Մուտքն արդեն բացել են:
Երկրորդ անգամ են ծանր տեխնիկա հանել: Մեր ավտոն շատ թեթև էր: Այնքան բազմամարդ չէինք, որպեսզի կարողանայինք դիմադրել:
Նպատակը ապաշրջափակումն է, բայց մենք միջանկյալ խնդիրներ ենք դնում՝ ոնց այդ ապաշրջափակմանը հասնել: Ուզում ենք հասնել Հակարիի կամուրջ և Հակարիի կամրջում բարձրացնել մեր ձայնը, բարձրացնել մեր պահանջները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարդատար մեքենայով փակված մուտքը բացելու համար այսօր ռուսական խաղաղապահ ուժերը ծանր տեխնիկա են դուրս հանել: Ապա խաղաղապահներն ուժով հրել են մեքենան՝ մուտքը բացելու համար: Արթուր Օսիպյանը բոլորին կոչ է արել ժամը 19:00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։