Նիդերլանդները և Դանիան Կիևին խոստացել են F-16 կործանիչներ տրամադրել

Նիդերլանդները և Դանիան Կիևին խոստացել են F-16 կործանիչներ տրամադրել



Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին Նիդերլանդներ և Դանիա կատարած այցերի ժամանակ այդ պետությունների ղեկավարներից հավաստիացումներ է ստացել, որ Կիևն ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ կստանա։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Կիևին 19 ամերիկյան F-16 կործանիչներ կմատակարարի: 
Ավելի վաղ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռների մատակարարման թույլտվություն էր տվել Կոպենհագենին և Ամստերդամին՝ Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։
Միևնույն ժամանակ Դանիան Կիևից պահանջել է կործանիչներն օգտագործել միայն այն տարածքում, որը նա համարում է իրենը, Reuters-ը մեջբերում է Դանիայի պաշտպանության նախարար Յակոբ Էլլեման-Ենսենի խոսքը։
«Մենք զենք ենք տրամադրում պայմանով, որ այն կօգտագործվի թշնամուն Ուկրաինայից դուրս մղելու համար։ Եվ ոչ ավելին։ Սա վերաբերում է տանկերին, կործանիչներին և մյուս զինատեսակներին»,- ասվում է հրապարակման մեջ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերում միջուկային զենք կրելու ունակ տեխնիկայի հայտնվելը Ռուսաստանը կհամարի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք։ Նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ եթե Կիևը ստանա այդ կործանիչները, և դրանք տեղակայվեն Ուկրաինայի սահմաններից դուրս՝ երրորդ երկրներում, Մոսկվան կքննարկի դրանց ոչնչացման տարբերակները։