Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ խաղաղապահ Հաղորդում է, որ զորախումբը վերահսկում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի պահպանումը:
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը նոր զինված առճակատման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի բացառումն է: Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից զանգվածային հումանիտար աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը: Միայն վերջին երկու օրերին ռուս խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք: Նախատեսվում է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի մշտական մատակարարում Լաչինի և Աղդամի երթուղիներով միաժամանակ»,- նշված է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալով` խաղաղապահների բազային ճամբարում գտնվում է մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են: Նշվում է, որ խաղաղապահ առաքելության հրամանատարության անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ:
«Այս շփումների առաջնահերթ խնդիրների թվում ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության, խաղաղ կյանքի վերականգնման և ապառազմականացման հարցերն են: Խաղաղապահ առաքելությունը հույս է հայտնում, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների շուտափույթ վերականգնմանը: Այդ պայմանավորվածությունների թվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,- նշված է հայտարարության մեջ։