Բաց նամակ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային

Բաց նամակ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային

Ես՝  ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջանս լինելով արմատներով Ախալցխացի, հունիսի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում բախվեցի մի խնդրի հետ, որը երբեք չէի պատկերացնում, որ կարող էր իմ նկատմամբ տեղի ունենալ։ Խոսքը նրա մասին է, որ իմ մուտքը Վրաստան արգելվել է անհասկանալի պատճառով, այն դեպքում, երբ ես իմ հասարակական գործունեության շրջանակում երբեք վատ չեմ արտահայտվել Վրաստան պետության նկատմամբ եւ ավելին՝ միշտ աջակցել եմ տվյալ երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

Կարծում եմ այսքանը բավարար պետք է լիներ, որ Վրաստանի իշխանությունները հարգեին մարդկային էլեմենտար իրավունքները եւ ինձ թույլ տային այցելել իմ նախնիների գերեզմաններ ու հարազատ քաղաք, որտեղ անց եմ կացրել իմ մանկությունը։ Երեւի ավելորդ է խորհուրդ տալ Վրաստանի իշխանություններին քրքրել սեփական արխիվները ու պարզել, թե ինչ ներդրում են ունեցել իմ նախնիները Ախալցխայի հասարակական կյանքի մեջ, կամ պարզել, թե ինչպես են նրանք մասնակցել 1918թ․ Ախալցխայի ինքնապաշտպանությանը ընդդեմ թուրքական բանակի։

Իմ կողմից ծավալված քաղաքական-հասարակական գործունեությունը ոչ մի կերպ չի կարող վնաս հասցնել Վրաստանի հանրապետությանը։ Եւ ճիշտ հակառակը իմ հնարավորությունների չափով միշտ փորձել եմ կնճռոտ հարցերի հարթեցմանը Ջավախքում հանուն մեր ժողովուրդների վաղվա օրվան։ Մշտապես հանրային կերպով կողմ եմ արտահայտվել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման գաղափարին ու դեմ Ռուսաստանի Դաշնության զավթողական քաղաքականությանը ընդդեմ Վրաստանի։ Այս պարագայում իմ համար մեղմ ասած անհասկանալի է, թե ինչպես ՌԴ կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի, ով կողմ է քվեարկել Վրաստանի տարածքների բռնագրավվմանը չի արգելվում մուտք գործել Վրաստան ու տվյալ երկրի խորհրդարան, իսկ ինձ՝ ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջանին մուտք Վրաստանի տարածք արգելվում է։

Համոզված եմ, որ Վրաստանի իշխանությունները եւ ՆԳՆ-ը պետք է լուծում տան այս խնդրին ու ընդունեն, որ իմ նկատմամբ տեղի ունեցածը առնվազն թյուրիմացության արդյունք է եղել։ Այդ իսկ պատճառով, կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին եւ հատկապես Ներքին Գործերի Նախարարությանը վերանայել իմ նկատմամբ իրականացված մուտքի արգելքը Վրաստան։

 

Էդուարդ Էնֆիաջան