ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում մեծանում է համաճարակների տարածման ռիսկը

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում մեծանում է համաճարակների տարածման ռիսկը



ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մասին: Շարժման տվյալով՝ խմելու ջրի սուր պակասի պատճառով մեծանում է համաճարակների տարածման ռիսկը։ Նշվում է, որ Գազայի հատվածի բնակչության 90 տոկոսը զրկված է մաքուր ջրից: ՀԱՄԱՍ-ից հավելել են, որ Իսրայելն ամբողջությամբ արգելափակել է Գազայի հատված ջրամատակարարումը, իսկ իսրայելցի զինվորականները ոչնչացրել են ջրամբարները։ Շարժման հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածում առնվազն 120 բժշկական հաստատություն է ոչնչացվել:
ՀԱՄԱՍ-ի «Իզեդդին ալ-Քասամ բրիգադներ» թևը պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել պատանդներին, եթե իսրայելական կողմն ազատ արձակի Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիներին: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է, որ «պաղեստինյան ժողովրդի անբաժանելի մասն է» և անպայման կհաղթի:

Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում հրադադար հաստատել, մինչև անկլավում պահվող պատանդներն ազատ չարձակվեն։