Սեպտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելի’ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ միջխորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել մշակութային և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Վրաստանի՝ որպես գործընկեր երկրների և բարեկամ ազգերի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։
Դեսպան Սադոյանը և Գիորգի Ծերեթելին նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը խաղաղ գործընթացի առաջմղման համար:
Նույն օրը Գիորգի Ծերեթելին վերոնշյալ հարցի առնչությամբ մեկնաբանություն է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: