Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի

Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի. Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի



Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին La Stampa-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԵՄ երկրները պետք է ստեղծեն միասնական բանակ։
«Եթե մենք ուզում ենք խաղաղապահներ լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին։
Նա բացատրել է, որ աշխարհում, որտեղ գործում են այնպիսի խոշոր քաղաքական խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, սրվում են քաղաքական ճգնաժամերը Մերձավոր Արևելքում և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, «Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Սլովենիայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն արդեն գոյություն ունեցող կառույցը, այն է՝ Եվրամիությունը»։
Տայանին ընդգծել է, որ միասնական բանակի ստեղծման հարցն այլևս չի կարող հետաձգվել, սակայն խոստովանել է, որ ԵՄ շատ երկրներ դեմ կլինեն նման բարեփոխմանը, սակայն, նրա կարծիքով, առանց միասնական բանակի եվրոպական պետություններն այդպես էլ կմնան «անօգնական ճնճղուկներ մի աշխարհում, որտեղ թռչում են արծիվները»։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ միասնական ռազմական ուժն անհրաժեշտ է «խաղաղության պահպանման, հսկողության և զսպման համար»: