Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Գևորգ Պապոյան

Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել. Գևորգ Պապոյան

Դուք երբևէ Հայաստանի վարչապետի կողմից լսե՞լ եք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որն այդ միջանքային տրամաբանության մեջ է: Մենք ինչ հայտարարել ենք 3,5 տարի առաջ, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել: Մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ տրանսպորտային ուղիները: Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները Եվրոպայից անարգել կարող են գնալ Ասիա Հայաստանի տարածքով և հակառակը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի նախարարի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը 2028 թվականին արդեն պետք է ավարտված լինի, և որ իրենք դրական ազդակներ են ստացել ՀՀ վարչապետից:
Պապոյանի խոսքով՝ նույնն ասվում է նաև Ադրբեջանին:
«Չի կարող այլ կերպ լինել: Սա մեր դիրքորոշումն է, և մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: Նոր բան այսպես ենք ձևակերպել՝ այն պայմաններով, որը Իրանը տալիս է Ադրբեջանին, մենք այդ պայմաններով կարող ենք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, իսկ Իրանը ճանապարհ է տալիս Ադրբեջանին այն պայմաններով ինչ նշեցի, որը Իրանի իրավազորության տարածքն է»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենց բեռնատարները և մարդատար ավտոմեքենաները պետք է անխոչընդոտ անցնեն Հայաստանով, Պապոյանը նկատեց՝ նման պայման չի կարող լինել, քանի որ նույնիսկ մենք մեր երկրում մեր ուզած պայմաններով չենք կարող տեղաշարժվել:
«Մենք կարո՞ղ ենք ավտոճանապարհով գնալ 150 կմ/ժ արագությամբ: Կան կանոններ, որոնց բոլորը պետք է հետևեն: Եթե կան կանոններ, որոնք վերաբերում են օտարերկրացիներին, իրենք ևս այդ կանոնները պետք է պահեն: Այդպես չի կարող լինել»,- ավելացրեց Պապոյանը:
Ինչ վերաբերում է Ալիևի կողմից վերջին շրջանում հնչող ուղիղ երկխոսության մասին հայտարարություններին՝ Պապոյանը նկատեց՝ մենք և՛ ուղիղ ենք խոսում Ադրբեջանի հետ, և՛ միջնորդների միջոցով: Օրինակ՝ հունվարի վերջին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստը, ինչը ուղիղ երկխոսություն է:
«Գերիների փոխանակությունը ևս տեղի ունեցավ ուղիղ երկխոսության միջոցով: Կարծում եմ՝ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում և ընդունվում են, ինչպես մենք ենք հարգում հակառակ կողմի դիրքորոշումները, նրանք, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքին»,- պարզաբանեց Գևորգ Պապոյանը: