Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։
Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ բնակչությունն ընդամենը երեք օրում լքել է հայրենի հողը։
«Հայկական հարցը ֆրանսիական հարց է»,- ասել է սենատորը՝ ընդգծելով, որ բանաձևի նախագիծը միջկուսակցական է, և դա խոսում է Ֆրանսիայի միասնական դիրքորոշման մասին։
Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված, ասել է Բրյունո Ռետայոն՝ խոսելով Ալիևի ռեժիմի մասին։
«Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է, էքսպանսիոնիզմը: Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է»,- հայտարարել է Ռետայոն։
Սենատորը հիշեցրել է Էրդողանի և Ալիևի պահանջը՝ իրենց առաջ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը Հայաստանի ինքնիշխանության խախտում է։
Ռետայոն ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ առաքելություն ուղարկել ԼՂ՝ գնահատելու հայկական մշակութային ժառանգության վիճակը։