Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել. Լավրով

Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել. Լավրով



Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացում Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի ունեցած դերին:
Նրա խոսքով՝ Պուտինը մեծ դեր է խաղացել Բաքվի և Երևանի հաշտեցման գործում, և այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը բնութագրվել է որպես «ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի»:
«Այն բանից հետո, երբ այդ համաձայնագրերը սկսեցին իրականացվել, ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի մեխանիզմներ, հենց այդ ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեցին ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Լավրովը: Նա Արևմուտքին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները խոչընդոտելու համար:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Արևմուտքը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի արևմտյան հարթակում, բայց Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել: Լավրովի խոսքով՝ այդ հարցով համապատասխան ուղերձներ են հղել Երևանին, սակայն նրան հայտնի չէ հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում: