Սաստիկ սառնամանիքներ Եվրոպայում

Սաստիկ սառնամանիքներ Եվրոպայում



Ձնաբքերն ու սաստիկ սառնամանիքները, որոնց Եվրոպայում սովոր չեն, քաոս են առաջացրել բազմաթիվ երկրների ճանապարհներին՝ Իսպանիայից մինչև Խորվաթիա, հայտնում է Euronews-ը։
Ռումինիայում, օրինակ, կիրակի ցուրտ է եղել տարածքի մեծ մասում։ Լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազել է մինչև -18 աստիճան։
Իսպանիայի մի քանի հիմնական ճանապարհ փակվել է։ Մի շարք նահանգներ արտակարգ դրության մեջ են հայտնվել ցրտերի ու ձնաբքի պատճառով:
Ավստրիայի հարավում գտնվող Կարինթիա շրջանում ձնաբքին նախորդել է անձրևը: Ճանապարհները ծածկվել են սառույցով, առաջացել է տրանսպորտային քաոս։ Ազգային ոստիկանությունը հաղորդել է մի քանի վթարի մասին:
Ուժեղ ձնաբուք է տեղի ունեցել Բալկանյան մի քանի երկրում ՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սլովենիայում: Ճանապարհային պայմանները վատթարացել են մերկասառույցի, վատ տեսանելիության և ուժգին քամու պատճառով:
Իսկ Իռլանդիային և Մեծ Բրիտանիային է հարվածել «Իշա» փոթորիկը: Կիրակի Իռլանդիայի մի քանի շրջաններ զգուշացվել են ուժեղ քամիների, անձրևների և բարձր ալիքների մասին: Ավելի քան 2000 տուն և ձեռնարկություն ներկայումս հոսանքազրկված է:
Գոլուեյ և Մայո շրջաններում հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան։ Սպասվում է, որ քամու ուժգնությունը կհասնի մինչև 130 կմ/ժ արագության: Օդերևութաբանները նախազգուշացրել են ծառերի հնարավոր տապալման և ճանապարհների բարդ պայմանների մասին։

Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ազգային վարչությունը հորդորել է մարդկանց փոթորկի ժամանակ հեռու մնալ ափամերձ շրջաններից: Դուբլինի օդանավակայանում «Իշա» փոթորկի պատճառով չեղարկվել է 102 չվերթ։