Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեմային:
«Նախ՝ ես երբեք չեմ լսել, որ անդամակցությունը Եվրամիությանը որոշվում է ինքնահռչակմամբ, երկրորդն այն է, որ յուրաքանչյուր պետության ինքնիշխան գործն է որոշել իր ազգային կուրսը ժողովրդի շահերին համապատասխան, բնականաբար, յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրել այն, ինչ անհրաժեշտ է համարում:
Ես հենց նոր թվարկեցի անվտանգության ոլորտում պայմանագրերի մի ամբողջ շարք, որը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ, մենք ունենք նույն փաթեթը առևտրատնտեսական հարաբերությունների, հումանիտար կապերի ոլորտում։
Կարծում եմ՝ որ բոլորը գիտեն և հիշում են այդ մասին, մենք մեր մասով հավատարիմ ենք այդ բոլոր պարտավորություններին: Մեզ համար դա դատարկ արտահայտություն չէ, մեզ համար դրանք մեր երկրների ժողովուրդների շահերն են։
Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր պետության, գործչի և բոլոր պետական կառույցների խնդիրն է չմոռանալ այն մասին, որ ժողովուրդն է առաջնային, և որ պետք է ամեն ինչ անել հանուն բարօրության ու այն նպատակների և խնդիրների իրականացման, որոնք սահմանել է ժողովուրդը: Մնացածը թող լուծվի յուրաքանչյուր ինքնիշխան պետության ներսում և ներդաշնակեցվի՝ հաշվի առնելով իրականում առկա ցանկությունների անհրաժեշտությունը»։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին