Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության»  մասին օրինագիծը



Շարունակվող լայնածավալ գործողությունների ֆոնին Վրաստանի խորհրդարանը 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը։
Առաջին անգամ նմանատիպ օրինագիծ իշխող կուսակցությունն ընդունել էր անցյալ տարի՝ 2023 թվականի մարտին, սակայն բողոքի ակցիաներից հետո այն երկրորդ ընթերցմամբ տապալվեց։ Դրանից հետո կառավարությունը ժողովրդին խոստացավ, որ այլևս չի վերադառնա այս օրենքին։ Սակայն ուղիղ մեկ տարի անց նույն օրենքը կրկին նախաձեռնվեց, բայց այլ անունով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության»  մասին օրինագծի ընդունումը, որն ընդդիմությունը բնորոշել է «ռուսական օրենք», Վրաստանի միջազգային գործընկերները համարել են որպես երկրի եվրաինտեգրման սպառնալիք։
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ խորհրդարանի դիմաց օրենքի դեմ բողոքի ցույցեր են անցկացնում։ Երեկ՝ ապրիլի 16-ին, հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Բողոքի երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել մոտ 30 մարդ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախատեսել է այսօր հարցը քննարկել ԵՄ անդամ երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ: