ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության անսասան հանձնառությունը ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներում Բորջը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա ապահովելու ջանքերին՝ շնորհիվ մեր հմտությունների և փորձագիտական գիտելիքների լայն շրջանակի: Միաժամանակ, մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք դրական ազդակ են ստեղծում հակամարտության և դրա հետևանքների արդյունավետ հաղթահարման համար»,- նշել է Բորջը:
Նա ողջունել է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը և կոչ արել շարունակել այդ գործընթացը։
ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն՝ Բորջը վերահաստատել է կառույցի հանձնառությունը՝ շարունակելու փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են անվտանգության ոլորտի բարեփոխումները և կլիմայի փոփոխությունը: «ԵԱՀԿ-ն շարունակում է դրական ներդրում ունենալ Հայաստանում՝ աջակցելով անվտանգության բոլոր երեք հարթություններում իր պարտավորությունների կատարման ուղղությամբ երկրի ջանքերին»,- նշել են ԵԱՀԿ-ում:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին