ՌԴ ԱԳՆ-ն ողբերգություն չի համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը

ՌԴ ԱԳՆ-ն ողբերգություն չի համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը



Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը Կազանում անցկացվող «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ անդամ երկրները ուշացրել են իրենց ներդրումները կամ մասամբ վճարել, և դա ողբերգություն չէ:
«Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա կուրսը ՀԱՊԿ-ի նկատմամբ կորոշվի ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի ու հասկանա, այնպես էլ երկրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններով»,- ընդգծել է Պանկինը։
Հայաստանը կազմակերպությունում վստահելի դաշնակիցներ ունի՝ նշել է դիվանագետը։ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կվերադառնա ՀԱՊԿ:
Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցնում է անդամակցությունը կազմակերպությանը: Մայիսին էլ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 2024 թվականին Երևանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։