Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել

 

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով թուրքական Ջեյհան նավահանգիստ տեղափոխվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել: Դա կապված է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի շրջանում և Ադրբեջանի այլ առանցքային նավթային հանքավայրերում արդյունահանման ծավալների նվազման հետ:

Reuters-ի կանխատեսումներով՝ օգոստոսին Ջեյհան նավահանգստով ադրբեջանական նավթի արտահանման ծավալը կկազմի 17,75 մլն բարել: Հուլիսին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կլինի 19,19 մլն բարել։

Գործակալության հաշվարկների համաձայն՝ հաջորդ ամիս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ադրբեջանական նավթի ամենօրյա մատակարարումները հուլիսի համեմատ կկրճատվեն 7,5 տոկոսով:

Ադրբեջանի պետական նավթային գործակալության տվյալով՝ 2024 թվականի մայիսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով փոխադրվել է 2 միլիոն 725 հազար 177 տոննա ադրբեջանական նավթ: Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում խողովակաշարով արտահանվել է 12 միլիոն 199 հազար 306 տոննա նավթ։