Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում վարչապետը անդրադարձավ խաղաղության գործընթացի հետ կապված հակափաստարկներին: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վերջին շրջանում հայտարարություններ են հնչել, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:

Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են հիմնավորել այդ դրույթը, դա փորձում են հիմնավորել նրանով, որ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ Խորհրդային Միության ժամանակ դեռևս ընդունված ՀՀ Անկախության հռչակագրին: 

«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչի մասին փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը: Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նմանությամբ այն դեպքերից է, երբ փորձ է արվում Հայաստանի Սահմանադրությանը վերագրել մի բան, որը ՀՀ Սահմանադրությունում գրված չէ և պարզապես չկա: Ուզում եմ արձանագրել, որ իրականությունը մի փոքր հակառակն է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- ընդգծեց վարչապետը: 

Նրա խոսքով՝ 1991-ին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որը հղում է անում և բխում է 1918 թ. Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրին, որտեղ էլ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը:

«Ավելին, 1919 թվականին Փարիզի կոնֆերանսին և նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության գրանցման համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից որոշ հատվածներ:

Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

Բայց կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ունենք դրույթ, որն ասում է հետևյալը՝ որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար: Այսինքն՝ մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, բայց այդ հարցը չենք բարձրացնում խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը: