Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է «Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը», նշված է եկեղեցու հայտարարության մեջ: Ըստ Մայր Աթոռի` դա արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։
«Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության և պատկան կառույցների առջև՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երևույթները», – շեշտում է հայաստանյան եկեղեցին` ուշադրություն հրավիրելով նրան, որ այսօր` հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը:
Նշվում է, որ սրա նպատակն է վերացնել Արցախի պատմական հողի վրա «հայկական ինքնության հետքերն ու վկայությունները»։ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։ Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը», – հայտարարում է Հայ առաքելական եկեղեցին։
Հայկական կողմը երեկ տեղեկացրեց, որ Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հայկական եկեղեցու գմբեթներն է հանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքեց, թե «իրականացվում են վերականգնման և վերակառուցման աշխատանքներ»: