Զելենսկին քննադատել է Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Պուտինի հետ

Զելենսկին քննադատել է Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Պուտինի հետ


Ուկրաինայի նախագահը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հարկ է նշել, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ֆիցոն և Պուտինը համատեղ հայտարարություններ չեն արել և չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Նրանք պարզապես չեն կարող հրապարակավ որևէ բան ասել այն մասին, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ: Նրանք վախենում են հասարակության արձագանքից»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ Մոսկվան զգալի զեղչեր է տրամադրում Ֆիցոյին, սակայն դրանց համար վճարում է Սլովակիան։

«Նման զեղչերն անվճար չեն. դրանց համար Ռուսաստանին վճարում են ինքնիշխանությամբ կամ ստվերային սխեմաներով։ Դա պետք է հետաքրքրի Սլովակիայի իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը:

Մոսկվայում Պուտինի և Ֆիցոյի զրույցի մանրամասները չեն հաղորդվել: Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ այդ այցը կապված Է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը հունվարի 1-ից դադարեցնելու Կիևի որոշման հետ:

Կիևը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի ռուսական գազի և նավթի տարանցումը Եվրոպա։ Զելենսկու խոսքով՝ արգելքը կտարածվի Ռուսաստանից գազի ցանկացած հոսքի վրա՝ խուսափելու ադրբեջանական գազի անվան տակ դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքի ռիսկից: