Պանամայի արտգործնախարարը բացառել է ջրանցքի ինքնիշխանության քննարկումը

Պանամայի արտգործնախարարը բացառել է ջրանցքի ինքնիշխանության քննարկումը


Պանաման մտադիր չէ քննարկել Պանամայի ջրանցքի ինքնիշխանության հարցը, հայտարարել է երկրի արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչա Վասկեսը։

«Մեր ջրանցքի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ: Այն կոչված է ծառայելու մարդկությանն ու նրա առևտրին: Մենք երաշխավորում ենք միջազգային հանրությանը՝ չմասնակցել որևէ հակամարտության: Սա ամենամեծ արժեքներից մեկն է, որ մենք առաջարկում ենք աշխարհին»,- մեջբերում է CNN-ը նախարարի հայտարարությունը։

Դիվանագետը հավելել է. «Պանամացիներն են վերահսկում ջրանցքը, և դա միշտ այդպես կլինի»:

Նա այդ հայտարարությունն արել է, երբ նախօրեին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Պանամայի իշխանությունների հետ քննարկում է ջրանցքի հարցը՝ չբացառելով ուժի կիրառումն այն ամերիկյան վերահսկողությանը վերադարձնելու համար։