Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW


Երբ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները կտրուկ մերժում առաջացրին ամբողջ աշխարհում, Վաշինգտոնի վարչակազմը փորձեց մեղմել նրա հայտարարությունները և հստակեցնել դիրքորոշումը։ Արաբական երկրներում պաղեստինցիների վերաբնակեցման մասին Թրամփի խոսքերը թշնամական չէին՝ չորեքշաբթի Գվատեմալա կատարած այցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա՝ խոսքը միայն «տների, ձեռնարկությունների և նման բաների վերականգնման հարցում աջակցության մասին է, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ Գազայի հատված»: «Կարծում եմ շատ առատաձեռն քայլ էր՝ առաջարկել վերականգնում և ստանձնել դրա պատասխանատվությունը»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թրամփի խոսքերը փորձել է բացատրել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Նախագահը նկատի ուներ Գազայից պաղեստինցիների «ժամանակավոր տեղափոխումը», այլ ոչ թե նրանց մշտական ​​վերաբնակեցումը արաբական երկրներում»,- ասել է նա:

«Թրամփն ակնկալում է, որ տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները, հատկապես Եգիպտոսը և Հորդանանը, «ժամանակավորապես կընդունեն պաղեստինցի փախստականներին, որպեսզի մենք կարողանանք վերակառուցել նրանց տները», քանի որ Գազայի հատվածն այժմ «բնակելի վայր չէ որևէ մեկի համար»,- բացատրել է Սպիտակ տան խոսնակը:

Միաժամանակ Լևիթը նշել է, որ տարածաշրջանի վերականգնման համար ԱՄՆ-ը չի վճարի, և  ամերիկյան զորքեր, հավանաբար, այնտեղ չեն ուղարկվի: «Թրամփը նկատի ուներ ԱՄՆ-ի մասնակցությունը ավերված տարածքները վերականգնելու ջանքերին՝ տարածաշրջանի բնակիչների համար կայունություն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ Գազայում ամերիկացի զինվորներ կլինեն կամ ամերիկացի հարկատուները կֆինանսավորեն այդ ջանքերը»,- ասել է Լևիթը:

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պատասխանելով Գազայի հատված զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին, նշել է, որ իր գերատեսչությունը պատրաստ է ցանկացած սցենարի՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով: