Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC

Ֆրանսիայի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը ձախողվել է, վիճահարույց բյուջեն՝ ընդունվել. BBC


Ֆրանսիայի խորհրդարանը չի աջակցել վարչապետ Ֆրանսուա Բայրուի անվստահության քվեին, որը նախաձեռնել էր արմատական ​​ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը, երբ Բայրուն օգտվելով սահմանադրական հոդվածից, բյուջեն ընդունել էր առանց պատգամավորների քվեարկության:

Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել ընդամենը 128 պատգամավոր, մինչդեռ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 289 ձայն։ Մնացած բոլոր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը՝ հաղորդում է Le Monde-ը։ Ավելի ուշ պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ առաջարկի շուրջ, որը ստացել է ավելի քիչ ձայն՝ ընդամենը 122-ը:

«Անհնազանդ Ֆրանսիային» չեն աջակցել անգամ չորս ձախ կուսակցությունների կոալիցիայի անդամ սոցիալիստները։ Սոցիալիստական ​​խմբակցության 66 անդամից միայն 6-ն է «կողմ» քվեարկել անվստահության քվեին, ինչն առաջացրել է մելանշոնիստների զայրույթը:

Ֆրանսուա Բայրուին «փրկելու» իրենց որոշումը սոցիալիստները բացատրել են վարչապետից ստացած զիջումներով: Բայրուն, օրինակ, համաձայնել է չդիպչել կրթական համակարգի 4 հազար աշխատատեղին, որոնք նախատեսված էր կրճատել։

Կառավարության նոր բյուջեի հիմնական կետը բյուջեի սրընթաց աճող դեֆիցիտի կրճատումն է, որը Ֆրանսիայում ավելի քան երկու անգամ գերազանցում է Բրյուսելի սահմանած շեմը ԵՄ երկրների համար։ Այդ նպատակին հասնելու համար Բայրուի կառավարությունը ծրագրել է կրճատել բյուջետային ծախսերը միլիարդավոր եվրոներով, բարձրացնել ընկերությունների գերշահույթների ու հարուստ ֆրանսիացիների եկամուտների հարկերը: