Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph


Մեծ Բրիտանիան պլանավորում է հինգ տարով զորակազմ տեղակայել Ուկրաինայում՝ ռուսական նոր ներխուժումը կանխելու համար, հաղորդել է լոնդոնյան The Telegraph-ը: Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացի զինվորականները կզբաղվեն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմամբ և վերականգնմամբ։ «Նրանք կհամագործակցեն արևմտյան մյուս երկրների խաղաղապահ զորքերի հետ և կգտնվեն եվրոպական ղեկավարության ներքո»,- գրել է աղբյուրը։

Ըստ The Telegraph-ի՝ Մեծ Բրիտանիան նաև պլանավորում է ապահովել Ուկրաինայի օդային և ծովային տարածքի պաշտպանությունը։ Թե որքան զորք է Լոնդոնը նախատեսում ուղարկել Ուկրաինա, չի նշվում, միայն հայտնի է, որ տեղակայումից հետո դրանք փուլ առ փուլ դուրս կբերվեն հինգ տարվա ընթացքում։

Ուկրաինա խաղաղապահների տեղակայման հարցը քննարկվել է ապրիլի 10-ին 30 երկրի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Բանակցությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Ուկրաինա զորքեր ուղարկելու համար «ցանկացողների կոալիցիա» ստեղծելու ջանքերը գլխավորում են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Ըստ ծրագրերի՝ դաշնակից ուժերը կտեղակայվեն Ուկրաինայում Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքումից հետո: Արևմտյան զինվորականները պետք է ապահովեն Ուկրաինայում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունը։ Ընդ որում՝ նրանք չեն գտնվի շփման գծի երկայնքով։ Խաղաղապահ զորախմբի թվաքանակը կարող է կազմել մինչև 30 հազար մարդ, ավելի վաղ գրել էր The Times-ը:

Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել է, որ խոսքը միայն անզեն դիտորդների մասին, որոնք կհետևեն խաղաղության համաձայնագրի իրականացմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայման համար Ռուսաստանի համաձայնությունը չի պահանջվի։