ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իրեն տեղեկացրել են Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, և ինքը դրանք բարձր է գնահատում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
«Էր Ռիադում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման նպատակը վստահության բարձրացումն էր, առանց որի անհնար է կարգավորել ուկրաինական ճգնաժամը»,- պարզաբանել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Թրամփն ուկրաինական խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխել է՝ հիմնվելով նախագահի պաշտոնում ստացած տվյալների վրա: Մինչ այդ նա խոստացել էր արագ լուծել ուկրաինական ճգնաժամը:
Պուտինն ասել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, բայց իրենց համար միայն հանդիպումը բավարար չէ, պետք է ապահովել, որ մշակվեն ամենակարևոր հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։
ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ երկխոսությունից: Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևը նույնիսկ ինքն իրեն է արգելել բանակցել Ռուսաստանի հետ»։
Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հարթակ տրամադրելու համար և պատրաստվում է այդ առիթով զանգահարել Թագավորության թագաժառանգին։
Պուտինը խոսել է նաև ռազմաճակատում իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները հատել են Ուկրաինայի հետ սահմանը Կուրսկի մարզում։ «Ռուսաստանի զինված ուժերը մարտական շփման գծի ողջ երկայնքով առաջ են շարժվում»,- ասել է ՌԴ նախագահը։