Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել

Պենտագոնը, պետքարտուղարությունը և ՀԴԲ-ն իրենց աշխատակիցներին արգելել են Մասկին հաշվետվություն ներկայացնել


ԱՄՆ-ի առանցքային դաշնային գործակալությունները, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն, պետքարտուղարությունը և Պենտագոնը, հրահանգել են իրենց աշխատակիցներին չպատասխանել Իլոն Մասկի էլեկտրոնային նամակներին, հայտնում է BBC-ն:

ՀԴԲ-ի նոր տնօրեն Քեշ Փաթելը առանձին նամակ է ուղարկել իր աշխատակազմին՝ խնդրելով չպատասխանել Մասկի հարցումներին: «Աշխատանքի ցանկացած աուդիտ պետք է իրականացվի տնօրինության գրասենյակի միջոցով և ոչ այլ կերպ»,- ասել է նա:

Նման պատասխան է տվել պետքարտուղարության ղեկավարությունը՝ ասելով, որ միայն ինքն է իրավասու գնահատել գերատեսչության աշխատանքը։

Պենտագոնը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը նույնպես հրահանգել են իրենց աշխատակիցներին չպատասխանել Մասկին։

Սակայն մի շարք գերատեսչություններ, այդ թվում Արդարադատության դեպարտամենը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները, Սննդի և դեղերի գործակալությունը, Տրանսպորտի վարչությունը, Գաղտնի ծառայությունն ու Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը, որոշել են կատարել Մասկի հրամանը:

Մի քանի գործակալություն էլ, ինչպիսիք են Ազգային անվտանգության գործակալությունը, ԱՄՆ հարկային վարչությունը և Օվկիանոսի ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, առայժմ ձեռնպահ է մնում որևէ գործողությունից՝ խնդրելով իրենց աշխատակիցներին սպասել հետագա ցուցումների:

ԱՄՆ-ի խոշորագույն արհմիությունը՝ Պետական ծառայողների ամերիկյան ֆեդերացիան, քննադատել Է Իլոն Մասկի գործողությունները՝ պետական աշխատողների նկատմամբ նրա ճնշումը անվանելով «դաժան ու անհարգալից», և սպառնացել է Մասկին դատի տալ: