Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»: Արաղչիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին: Որպես միջնորդ հանդես էր գալիս Օմանը։
Միաժամանակ, Իրանի արտգործնախարարության ղեկավարը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների համար, դրանք անվանելով «սադրիչ գործողություններ»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Չինաստանի և Իրանի մի քանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիքի բաղադրիչների մատակարարմանն աջակցելու համար:
Արաղչին նաև հայտնել է, որ մտադիր է ուրբաթ Հռոմում իրանական միջուկային ծրագրի հարցով հանդիպում անցկացնել եվրոպական երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հետ: