Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են հազվագյուտ մետաղների համատեղ արդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնն այսպիսով, ի թիվս այլնի, վերահաստատում է իր հանձնառությունը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական «դաժան և անիմաստ պատերազմին»:
«Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղության գործընթացին, որի առանցքում պետք է լինի ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինան»,- շեշտել է Սքոթ Բեսենթը։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն բարձր է գնահատել կողմերի ստորագրած փաստաթուղթը՝ համոզմունք հայտնելով, որ այն օգտակար կլինի թե՛ Ուկրաինայի, թե՛ Միացյալ Նահանգների համար:
Ուկրաինայի վարչապետը տեղեկացրել է, որ գործարքի համաձայն՝ Կիևը կպահի վերահսկողությունը բոլոր ռեսուրսների, ընդերքի և ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում հիմնադրամի միջոցով գումարներ կհատկացվեն Ուկրաինայի վերականգնման համար։
Դենիս Շմիհալի խոսքով՝ համաձայնագիրը չի խոչընդոտի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։ Նաև հայտնի է, որ ըստ գործարքի՝ Կիևը պարտքեր չունի ԱՄՆ-ին՝ պատերազմի ընթացքում հատկացված ամերիկյան ռազմական օգնության համար։