Լիբանանի նախագահը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին չիրականացնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր

Լիբանանի նախագահը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին  չիրականացնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձեր


Լիբանանի նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը զգուշացրել է ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ չիրականացնել տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված գործողություններ։

«Լիբանանը չպետք է ծառայի որպես տարածաշրջանում կայունությունը խաթարելու հարթակ: Իշխանությունները չեն հանդուրժի այն գործողությունները, որոնք երկիրը ներքաշում են պատերազմների մեջ»,- հայտարարել է նախագահը:

Երկրի Գերագույն պաշտպանության խորհուրդը պահանջել է պատասխանատվության ենթարկել Լիբանանի տարածքից հրթիռներ արձակելու մեջ ներգրավված բոլոր անձանց և վերահաստատել է իշխանությունների պահանջը՝ բոլոր խմբավորումները պետք է հանձնեն իրենց անօրինական զենքերը։

Ապրիլին Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել էին 13 հոգուց բաղկացած խմբի՝ մարտի 22-ին և 28-ին Իսրայելի Մեթուլա և Կիրյաթ Շմոնա քաղաքների վրա հրթիռներ արձակելու համար:

Լիբանանյան բանակն էլ Արկուբ սահմանամերձ շրջանում ոչնչացրել է «Քուվվաթ Ալ Ֆաջր» կազմավորման բազան, որը «Ալ Ջամաա ալ Իսլամիա» սուննի կազմակերպության զինված թևն է: