Պուտինը պահանջում է պատժամիջոցների վերացում և ՆԱՏՕ-ից երաշխիքներ. Reuters

Պուտինը պահանջում է պատժամիջոցների վերացում և ՆԱՏՕ-ից երաշխիքներ. Reuters


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար արևմտյան առաջնորդներից պահանջում է գրավոր պարտավորություն՝ «դադարեցնել ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումը և վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը»։ Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երեք բարձրաստիճան ռուսական աղբյուրի։ «Պուտինը պատրաստ է խաղաղություն կնքել, բայց ոչ ցանկացած գնով»,- գործակալությունը մեջբերում է իր անանուն զրուցակիցներից մեկի խոսքը։

Նրանց խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պահանջել է «պաշտոնապես բացառել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և նախկին խորհրդային մյուս հանրապետությունների անդամակցությունը» Հյուսիսատլանտյան դաշինքին, պնդել է Ուկրաինայի «չեզոք կարգավիճակը» և «երկրի ռուսախոս բնակչության պաշտպանության ապահովումը»։ Բացի այդ, Պուտինը ցանկացել է լուծել Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հարցը։

Reuters-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ Կրեմլում կարծում են, որ Ռուսաստանը կարող է տարիներ շարունակ պատերազմել՝ անկախ տնտեսական դժվարություններից, որոնք կհետևեն արևմտյան պատժամիջոցների նոր փաթեթների ներդրմանը: «Եթե Պուտինը հասկանա, որ իր պայմաններով խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն անհնար է, նա կձգտի ցույց տալ, որ Ուկրաինայի համար «վաղվա օրն էլ ավելի ցավոտ է լինելու»,-հավելել Է լրատվականի զրուցակիցը: