Ախալցխայում շարունակվում են նոր հանրային դպրոցի կառուցման աշխատանքները։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շոնիան, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, պետական ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին և նախատեսվող նախագծերի մանրամասներին։
Նոր կրթական հաստատությունը կառուցվում է Ախալցխա քաղաքի Ռուսթավելի փողոցի 124 հասցեում։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում կառուցվում է ժամանակակից կրթական համալիր, որը նախատեսված է 650 աշակերտի համար և ապահովելու է անվտանգ, ժամանակակից ու բարձրորակ ուսումնական միջավայր։
Նշվում է, որ դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կգերազանցի 14 միլիոն լարին։
Նոր կրթական տարածքը կհամապատասխանի ժամանակակից կրթական չափանիշներին և ներառելու է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքային համակարգը։
