Սեմինար-քննարկում կամավորների հետ «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Սեմինար-քննարկում կամավորների հետ «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Հունիսի 24–ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը և «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը սեմինար-քննարկում անցկացրեցին ծրագրում ներգրավված կամավորների հետ։

Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Շ. Թորոսյանը ներկայացրեց ծրագրի գաղափարական հիմքերը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով Քվեմո Քարթլիի հայաբնակ համայնքներում պահպանվող տոնական ավանդույթների և մշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժևորման կարևորությունը։ Նա ներկայացրեց նաև կազմակերպության տարիների փորձը՝ սույն ծրագիրը Վրաստանի հիմնականում հայերով բնակեցված շրջաններում (Նինոծմինդա, Ախալքալաք, Ախալցխա) իրականացնելու և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերոնշյալ ծրագրերին աջակցելու վերաբերյալ։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը կամավորներին մանրամասն ծանոթացրեց ծրագրի իրականացման փուլերին, հետազոտական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին և դաշտային աշխատանքի մեթոդաբանությանը։ Առանձնակի ուշադրություն դարձվեց բանահավաքության ընթացքում հարցազրույցների անցկացման սկզբունքներին, տեղեկատվության հավաքագրման ու փաստագրման մեխանիզմներին, ինչպես նաև տեղական բնակչության հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև թեմային առնչվող տեսանյութ, որի դիտումից հետո ծավալվեց բովանդակալից քննարկում՝ այն համադրելով նախորդ տարիների փորձի հետ։ Քննարկվեցին ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների բովանդակությունը, կամավորների ներգրավվածության ուղղությունները և առաջիկա աշխատանքների ժամանակացույցը։ Աշխատանքային հանդիպման ավարտին կատարվեց պարտականությունների բաշխում, հստակեցվեցին յուրաքանչյուր կամավորի դերակատարությունն ու պատասխանատվության շրջանակները։ Ծրագրի կազմակերպչական հարցերով պատասխանատու Մարինե Այվազյանը ներկայացրեց յուրաքանչյուր փուլի համար սահմանված աշխատանքների վերջնաժամկետները։
Ծրագիրը միտված է Քվեմո Քարթլիի՝ մասնավորապես Ծալկայի և Բոլնիսիի հայ համայնքներում պահպանված տոնական մշակույթի ուսումնասիրությանը, հավաքագրմանը և հանրայնացմանը՝ նպաստելով տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը։

Հանդիպումն անցավ ջերմ, ակտիվ և համագործակցային մթնոլորտում՝ դառնալով ծրագրի հերթական արդյունավետ և խոստումնալից փուլը։ Ծրագրին մասնակցում էին նաև տեղացի խորհրդատուներ, իսկ կամավորների մի մասը միացել էին առցանց ձևաչափով։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ֆինանսական օժանդակությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։