Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Նորին Սրբությանը՝ մաղթելով երկարամյա, խաղաղ և առողջ ծառայություն՝ ի բարօրություն Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու և վրաց ժողովրդի։
Աշոտ Սմբատյանը համոզմունք է հայտնել, որ նոր պատրիարքի հոգևոր առաքելությունը կլինի նախորդների թողած քրիստոնեական արժեքների և ավանդույթների շարունակությունը՝ նպաստելով եկեղեցու և հասարակության հետագա ամրապնդմանը։
Իր հերթին Նորին Սրբություն Շիո Երրորդը օրհնություն է փոխանցել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։ Նա ընդգծել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև երկու ազգերին միավորող քրիստոնեական արժեհամակարգի կարևորությունը, որի հիման վրա ժողովուրդները դարեր շարունակ պահպանել և կերտել են իրենց ինքնությունը։
Պատրիարքն անդրադարձել է նաև ժամանակակից մարտահրավերներին՝ նշելով, որ դրանց հաղթահարման կարևոր նախապայմանը հոգևոր և ազգային արժեքներին հավատարիմ մնալն ու ինքնության պահպանումն է։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների մասին։ Շիո Երրորդը վերահաստատել է Վրաց եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու երկու եկեղեցիների համագործակցությունն ու բարեկամական կապերը։
