«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

Ախալքալաքի Մշակույթի տանը կայացել է վրացական ժողովրդական պարի «Մուրջի» անսամբլի տարեվերջյան ֆոլկլորային երեկոն, որը համախմբել էր տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին և բազմաթիվ հյուրերի։

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև Ախալքալաքի, Կումուրդոյի և Քարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։

Համերգին մասնակցել են նաև քաղաքի հասարակական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Թբիլիսիից ժամանած հյուրեր։ Երեկոյի համար հատուկ պատրաստված պարային համարներն ու անակնկալները մեծ տպավորություն են թողել հանդիսատեսի վրա՝ արժանանալով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի։

Միջոցառման ընթացքում քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը շնորհակալություն են հայտնել «Մուրջի» անսամբլի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելիին՝ մունիցիպալիտետում վրացական ազգային պարի զարգացման և սերունդների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած կարևոր ավանդի համար։

Երախտագիտության խորհրդանշական նվեր է հանձնվել նաև անսամբլի ուսուցչուհի Մարիամ Մոդեբաձեին՝ նրան մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ և ձեռքբերումներ։

Հատկանշական է, որ Ախալքալաքի քաղաքապետարանը շարունակաբար աջակցում է տեղական ստեղծագործական խմբերին՝ խրախուսելով նրանց մասնակցությունը տարբեր փառատոների, մշակութային ծրագրերի և շրջագայությունների։