Շիրակ Թորոսյանի կոչը ջավախահայերին

Շիրակ Թորոսյանի կոչը ջավախահայերին

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ կարդալ ՈւՇԱԴԻՐ:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքները Ջավախքի և ջավախքցիների համար.

1. Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ը իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան: Այցի շրջանակներում վարչապետը նախ աննախադեպ շրջայց կատարեց Ծալկայի, Նինոծմինդայի ևԱխալքալաքի շրջանների մի շարք բնակավայրեր և շփումներ ունեցավ տեղի հայ բնակչության հետ՝ արժանանալով ջերմ ընդունելության: Ապա Վրաստանի իշխանությունների հետ ձեռք բերեց խորխորատների վերածված Նինոծմինդա-Հայաստանի սահման ճանապարհի վերակառուցման համաձայնությունը: Ախալքալաք քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ ևս մարդկանց կողմից բարձրացվեց վերոնշյալ խնդիրը, և Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն վերահաստատեց Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: 2018-2019 թվականներին կառուցվեց Նինոծմինդա-Հայաստանի սահման ճանապարհը, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում եղբայրական Վրաստանի իշխանություններին:

2. 2018թ.-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների համաներում կիրառեց արագաչափ տեսախցիկների արձանագրած տուգանքների մասով: Առանձին որոշմամբ համաներումը տարածվեց նաև վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների տուգանքների վրա, որով ջավախքցիներին ներվեց ավելի քան կես միլիարդ (513 000 000) ՀՀ դրամի տուգանք:

3. Covid համավարակի ամենածանր ժամանակահատվածում, երբ փակ էին բոլոր պետական սահմանները, Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների սերտ համագործակցության արդյունքում մեծաթիվ ջավախքիների հնարավորություն է ընձեռվել մուտք գործել Հայաստան և օդային ճանապարհով մեկնել Ռուստաստան արտագնա աշխատանքի, որով էականորեն մեղմվեց սոցիալական լարվածությունը Ջավախքում: Միաժամանակ հնարավորություն ընձեռվեց ՀՀ կրթական հաստատություններ դիմած բոլոր դիմորդներին մուտք գործել Հայաստան և հանձնել ընդունելության քննությունները:

4. Հայաստանի կառավարության որոշմամբ 2023-2024 թվականներին կառուցվեց խորխորատների վերածված Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, որի հիմնական շահառուներից են ջավախքցիները, ովքեր անընդհատ բողոքում էին ճանապարհի վատթար վիճակից: Այդ ճանապարհը տարիներ շարունակ անմխիթար վիճակում էր: Նշենք, որ այդ ճանապարհահատվածը ներառված էր հյուսիս-հարավ մայրուղու մեջ, սակայն կառուցվեց արտահերթ՝ ելնելով առաջնահերթությունից:

5. 2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ սփյուռքահայերի համար պարզեցված կարգով ՀՀ բուհեր ընդունված ջավախքցի ուսանողներին տրվեց ռոտացիայի իրավունք, որով բարձր առաջադիմություն ունեցող ջավախքցի ուսանողները ուսումնառության ընթացքում կարող են պայքարել անվճար տեղերի համար:

6. 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրվեց Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որով երկու պետությունների միջև հարաբերությունները բարձրացան ռազմավարական մակարդակի, ինչը, բնականաբար, ամրապնդում է վիրահայության տեղն ու դերը Վրաստանում:

7. 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով այն երկքաղաքացիները, ովքեր Հայաստանում երթևեկում են օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով, այլևս չեն տուգանվի: Բացի այդ, նրանք կարող են իրենց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականի հիման վրա առանց քննություն հանձնելու ստանալ նաև հայկական վարորդական իրավունքի վկայական:

8. Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացի հանդիսացող շուրջ 7000 մարդ իրավունք է ստացել կենսաթոշակ և նպաստ ստանալ նաև Հայաստանում, որի գումարը այս պահի դրությամբ կազմում է տարեկան 3.1 մլրդ դրամ:

9. Հայաստանի կառավարության կողմից մշակույթի ոլորտում մի շարք դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում Ջավախքում, որոնք էականորեն նպաստում են տարածաշրջանում հայապահպանությանը և մշակութային կյանքի վերելքին։

Պետք է նշեմ, որ այս ամենը կյանքի է կոչվել իմ անմիջական նախաձեռնությամբ, միջնորդությամբ և խորհրդատվությամբ՝ ՀՀ կառավարության, խորհրդարանի և այլ պետական մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում:

Բարեհաջող կերպով շարունակվում են նաև ՀՀ պետական բուհ-երի հայագիտական մասնագիտություններով սովորող ջավախքցի ուսանողների պետական պատվերով ուսուցումը և ՀՀ առողջապահական հաստատություններում պետական պատվերով սոցիալապես անապահով ջավախքցիների բուժումը:

Սա ոչ ամբողջական ցանկն է այն ամենի, ինչ արել է Հայաստանի կառավարությունը 2018թ.-ի թավշյա հեղափոխությունից ի վեր: Ներդրվել են մեծ ջանքեր և միջոցներ այս ամենն իրականացնելու համար՝ հանուն Ջավախքի մեր սիրելի հայրենակիցների:

Սիրելի՛ հայրենակիցներ,

հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վստահ եմ, որ Հայաստանի անձնագիր կրող յուրաքանչյուր քաղաքացի իր երախտագիտությունն ու շնորհակալությունը կարտահայտի իր ճիշտ ընտրությամբ

2026-ին մեր ձայնը՝ 16-ին

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»

խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյան