Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով

Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան։

Աշոտ Սմբատյանն իր խոսքում անդրադարձել է հայ-վրացական մշակութային կապերին՝ նշելով, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդների մշակույթները բազմիցս հանդիպել, երկխոսել և փոխադարձաբար հարստացրել են միմյանց։ Նրա խոսքով՝ այդ կապերը ոչ միայն պատմական ժառանգություն են, այլև կենդանի հարաբերություն, որը շարունակում է զարգանալ նոր մշակութային նախաձեռնությունների միջոցով։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ, ներկայացրել է Զաքարիա Փալիաշվիլիի, Անտոնին Դվորժակի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Համերգին ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանականներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի պետական կառույցների, գիտակրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և վիրահայ համայնքի անդամներ։

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է նաև հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումների ծրագիրը նպատակ ունի ներկայացնել հայկական մշակույթը և նպաստել հայ-վրացական մշակութային համագործակցության հետագա զարգացմանը։