Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին։

Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են ոչ միայն մարզական համագործակցության զարգացման, այլև երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։

Նախարարները կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ այն դիտարկելով որպես երկու երկրների միջև համագործակցության, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման լրացուցիչ հնարավորություն։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Շալվա Գոգոլաձեն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։