Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը նոյեմբերի 22-ին Իմրալի կղզում հանդիպել է ցմահ ազատազրկման պատիժ կրող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրված է, որ Օջալանը տեղափոխվել է բանտային համալիրի նորակառույց տարածք։
DEM-ը, գնահատելով հանդերձ այդ փոփոխությունը, գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է լրացուցիչ պայմաններ ստեղծեն, որպեսզի Օջալանը մամուլի և հանրության ներկայացուցիչների հետ «ազատ հաղորդակցության հնարավորություն ունենա»։ Կուսակցությունը նպատակահարմար է համարում, որ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը պաշտոնապես ճանաչվի «խաղաղության և քաղաքական հարցերով համակարգող»։ Ըստ հայտարարության՝ Օջալանն ասել է, որ ինքը քրդական հարցը դիտարկում է որպես ժողովրդավարության հարց, որի լուծումը բխում է Թուրքիայի քաղաքական և սոցիալական բոլոր խմբերի շահերից, և պահանջում է սկզբունքների հետևողական ծրագիր ու միմյանց նկատմամբ սկզբունքային մոտեցում։ «Մենք առաջնահերթ ենք համարում այնպիսի հասարակությունը, որտեղ մարդիկ կարող են ազատորեն դավանել իրենց մշակույթը, անվտանգ իրացնել իրենց իրավունքները և ինտեգրել դրանք ժողովրդավարական սկզբունքների ու ինստիտուտների մեջ»,– ասել է Օջալանը և ամփոփել, որ քրդական հարցի ժողովրդավարական լուծման դեպքում Թուրքիան կարող է Մերձավոր Արևելքում ընդօրինակելի մոդել դառնալ։
Թուրքական մամուլի տեղեկություններով՝ ակնկալվում է, որ մոտ ապագայում երկրի Անվտանգության խորհուրդը հարցը կքննարկի և կորոշի՝ արդյոք Քրդական աշխատավորական կուսակցության զինված խմբերի լուծարումն ու Թուրքիայի տարածքից դուրսբերումը բավարար ընթացք ունեն։
Խոսքը վերաբերում է «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրի իրականացմանը, որը նախաձեռնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Թուրքական որոշ աղբյուրներ ակնարկել են, որ Օջալանի ներկայացրած պահանջները ոչ այնքան իր ապագայի, որքան Թուրքիայում քրդերին քաղաքական և պետականակիր հանրություն ճանաչելու մասին են։
Թուրքիան նախապատրաստվում է նախագահի ընտրությունների։ Անցյալ տեղական ընտրություններում քրդաբնակ շրջանները մեծ մասամբ քվեարկել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուների օգտին։
ԺՀԿ-ն ներկայումս տրոհված է, ստեղծվել է «Նոր կուսակցություն», որի առաջնորդ Օզելը հայտարարել է, որ նախագահի իրենց թեկնածուն մնում է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Իմամօղլուն։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը խորհրդարանում նախագահ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է, օրերս խիստ քննադատել է Օզելին և նրան մեղադրել Մուստաֆա Քեմալի ստեղծած Ժողովրդահանրապետական կուսակցությունը տրոհելու մեջ։ «Մենք թույլ չենք տա, որ դու կիսես նաև Թուրքիան»,– սպառնացել է Բահչելին։
Եթե Թուրքիայի իշխանությունները Օջալանի և DEM քրդամետ կուսակցության պահանջները չբավարարեն, հատկապես եթե քրդերին քաղաքական և պետականակիր հանրություն չճանաչեն, ապա գուցե քրդամետ ուժերը նախագահի ընտրություններում կսատարեն «Նոր կուսակցության» թեկնածուին։
Վահրամ Աթանեսյան
