ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտարարել է, որ հակամարտության կարգավորման կարևոր արդյունքներից կարող է դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը։
Նրա խոսքով՝ դա լուրջ ձեռքբերում կլինի, հարկավոր է հասնել մի իրավիճակի, երբ այլևս չի լինի մշտական ագրեսիա, փոխարենը մարդիկ կգործակցեն, բիզնես կվարեն։ Քուշները հավելել է, որ քննարկել է այդ հարցը նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
ԱՄՆ բանագնացը New York Magazine-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի փորձում է համոզել Դոնալդ Թրամփին ճնշում չգործադրել Կիևի վրա:
Քուշները նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում բարձրացրել է հարցը, որ Ուկրաինան կարող է գնալ տարածքային զիջումների՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ՝ օրինակ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ, որի համաձայն դաշնակից երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա։
