Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ուկրաինայում հրադադարը և խաղաղությունը բխում են սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ճգնաժամի առաջին իսկ օրվանից մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել՝ կանխելու առճակատման սրումը։ Անկարան արել է այն ամենը, ինչ մեզանից պահանջում են բարիդրացիության, բարեկամության, հումանիզմի սկզբունքները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Անկարան հավատարիմ է արդար դիրքորոշմանը բոլոր միջազգային հարթակներում՝ ձգտելով հաշվի առնել երկու կողմերի շահերը, իրավունքները և դիրքորոշումները։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ կողմերը կարող են դադարեցնել ողբերգությունը։
«Արդար խաղաղությունը կլինի բոլոր կողմերի հաղթանակը, և շարունակվող բախումները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի: Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացն այն մակարդակի վրա է, որտեղ հնարավոր են կոնկրետ արդյունքներ։ Համաշխարհային հանրությունը Ստամբուլում կայացած հանդիպման մասնակիցներից դրական որոշումներ է ակնկալում»,- ընդգծել է նա։