Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայաթափում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:

«Ի դեպ, սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է արել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ:  

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և ընդունում է և չի ընդունում: Եւ սա արտահայտվում է հետևյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը ըստ եռակողմ հայտարարության գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի:

«Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով և Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:

Մյուս կողմից մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին: Կառուցել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը»,- ասաց վարչապետը:

Արդյունքում, Փաշինյանի խոսքով, կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:

«Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը:

Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, այն պահից՝ երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի, հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասաց Փաշինյանը: