Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ռուս զինվորականները շարժվում են դեպի Դոնբաս, Խարկով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ծանր մարտեր են սպասվում։
Նախագահը, Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս է հայտնել, որ վերջինս չի վախենում Վլադիմիր Պուտինից: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը հաճախ հետաձգվում է։
«Եթե գործընթացը շարունակի ձգձգվել, մարդկանց մոտ հարցեր կառաջանան։ Մենք չենք ուզում հավատալ, որ մեր գործընկերները խաղում են մեր թիկունքում»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին հայտնել է, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակել է անվտանգության երաշիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր։ Նրա խոսքով՝ երաշխավոր երկրների շարքում Ուկրաինան տեսնում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային, երաշխավոր դառնալու ցանկություն են հայտնել Իսրայելն ու Իռլանդիան։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանն էլ «կլինի Կիևի կողմից»: