Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը որակել է շանտաժ՝ հայտարարելով, որ Վարշավան դրան կուլ չի գնա՝ փոխանցում է ТАСС-ը:

Մորավեցկին նշել է, որ Լեհաստանը չի պատրաստվում գազի դիմաց վճարել ռուբլով: «Ես կոչ եմ անում Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներին և մյուս ղեկավարներին՝ չենթարկվելու այդ շանտաժին»,- հավելել է Լեհաստանի կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալու միջոցով ռուսական կողմը փորձում է շրջանցել եվրոպական սահմանափակումները։

«Պատժամիջոցները պետք է պահպանվեն, պետք է ամուր լինեն։ Համակարգը պետք է կոշտ լինի: Մենք չենք կարող դրանք թուլացնել։ Այս ամենը չափազանց կարևոր է»,- նշել է Մորավեցկին։

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել, ինչի մասին վկայում է ռուբլու դիրքերի ամրապնդումը։

«Եվրոպացի ղեկավարների մի մասը խոսում է այն մասին, որ պետք է վերադառնալ սովորական վիճակին, նրանց վրա ճնշում է գործադրում եվրոպական բիզնեսը: Սովորական վիճակին վերադարձ չի լինի, եթե Ուկրաինան չպաշտպանի իր ինքնիշխանությունն ու ազատությունը, քանի որ այն ժամանակ Եվրոպան ցույց կտա իր թուլությունը, կնվաստացվի: Եվրոպան անատամ կլինի, նա չի կարողանա գործել՝ ի պաշտպանություն իր հիմնական, համամարդկային արժեքների, ինչպիսիք են ազատությունը, կյանքի իրավունքը»,- ընդգծել է Մորավեցկին: