Վրաստանում մեկ ու կես տարվա ընթացքում այսօր առաջին անգամ կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցվել։
Այս մասին են վկայում COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Վերջին անգամ Վրաստանում մահացության զրոյական աճ է գրանցվել 2020 թվականի սեպտեմբերի վերջին։ Երկրում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը 16765 է։
Վերջին մեկ օրվա ընթացքում 3,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է վարակի 324 նոր դեպք։ Տվյալները ստացվել են ավելի քան 22,6 հազար թեստերի հիման վրա։ Այսպիսով, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 1,43%, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,32%, յոթ օրվա ընթացքում՝ 1,9%։
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը հինգշաբթի առավոտյան հասել է 1,650,708-ի։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման դեպքերի ավելի քան 50%-ը Թբիլիսիում՝ 165։ Իմերեթում գրանցվել է վարակի 37 դեպք, Շիդա Քարթլիում՝ 26, Գուրիայում՝ 23, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում- 19, Կախեթիում` 17, Քվեմո Քարթլիում` 13, Աջարիայում` 11, Մցխեթա-Մթիանեթիում` 5, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում` 5, Սամցխե-Ջավախքում 3:
Ապաքինվել է 721 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 1629987-ի։
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 3930 ակտիվ դեպք։ Նրանցից 426-ը (հիվանդների ընդհանուր թվի մոտ 11%-ը) բուժվում է հիվանդանոցներում։ 116 մարդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում։ Տնային պայմաններում բուժում է ստանում 3504 հիվանդ։